Հաճախ մարդու կյանքը փրկելու համար անհրաժեշտություն է առաջանում կատարել օրգանի (ների) փոխպատվաստում: Իսկ ի՞նչ կարգով է այն իրականացվում, վճարովի է արդյոք, թե անվճար: ՀՀ օրենսդրությունը արգելում է օրգանների վաճառքը, այլ կերպ ասած, մարդու օրգանները չեն կարող լինել առուվաճառքի պայմանագրի առարկա:
Համաձայն «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` կենդանի դոնորից կամ դիակից փոխպատվաստում կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բժշկական այլ միջոցառումները չեն կարող երաշխավորել հիվանդի կյանքի փրկությունը եւ առողջության վերականգնումը: Արգելվում է կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանների եւ հյուսվածքների առուվաճառքը:
«Ի տարբերություն վերը նշված հոդվածի նախկին ձևակերպման, որը հնարավորություն էր նախատեսում դոնորի գրավոր համաձայնության դեպքում փոխհատուցում ստանալ օրգանի դիմաց, օրենքի ներկայիս ձևակերպմամբ առավել հստակեցվել է նշված հարցը, ինչը սակայն որևէ կերպ չի նվազեցրել այն հայտարարությունների թիվը, որոնցով մարդիկ շարունակում են գովազդել իրենց օրգանները»,-Իրավաբան.net-ին հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net