Որպես կանոն պարտավորության մեջ պարտապանը և պարտատերը անփոփոխ են և չեն ենթարկվում փոփոխության, սակայն երբեմն օրենքի ուժով, պայմանագրի հիման վրա կամ հանգամանքների բերումով (անձի մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում) պարտավորության մեջ կողմերը փոփոխվում են:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն` պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա:
Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու մասին կանոնները չեն կիրառվում հետադարձ պահանջների նկատմամբ:
Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Այսինքն եթե պայմանագրով սահմանված է, որ չի թույլատրվում պարտատիրոջ փոփոխությունը կամ օրենքով չի թույլատրվում պարտատիրոջ փոփոխությունը (օրինակ պարտավորությունը անխզելիորեն կապված է պարտատիրոջ անձի հետ`ալիմենտային պարտավորություններ, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում), ապա հնարավոր չի լինի պարտատիրոջ փոփոխությունը:
Եթե պարտապանին գրավոր չեն հայտնել, որ առկա է նոր պարտատեր և պարտավորությունը արդեն պետք է կատարվի նոր պարտատիրոջ առջև, ապա եթե նա անտեղյակության պատճառով պարտավորությունը կատարի նախորդ պարտատիրոջ առջև, ապա դա կհամարվի պատշաճ կատարում և պարտավորությունը կդադարի:
Աղբյուրը՝ Իրավաբան.net