Տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ 1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք. 2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը. 3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները. 4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք). 5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
Այն դեպքերում, երբ պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
Պետք է նշել նաև, որ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա՝ 1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին. 2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը. 3) չտրամադրելը բացասական ազդեցություն կունենա Հայատանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա։
Աղբյուրը՝ Իրավաբան.net