«Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքների ամփոփում

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր կայքում էջում գրել է․

Կայքի բացման օրվանից «Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքները մեղմ ասած հուսադրող չեն: Հարցվածների ճնշող մեծամասնությունը համարում է, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքները պաշտպանված չեն. 62,2 տոկոսը կարծիք է հայտնել, որ մարդու իրավունքները պաշտպանված չեն, իսկ 27,2 տոկոսը՝ պաշտպանված են մասամբ: Յուրաքանչյուր 10-րդ հարցվող է միայն համարում, որ մարդու իրավունքները պաշտպանված են Հայաստանում: Այս տվյալներն իսկապես մտորելու առիթ են: Իհարկե, առնվազն միամտություն կլիներ կարծելը, որ նման արդյունքներն անսպասելի էին: Տվյալ պատկերին նպաստող որոշ հանգամանքներ իհարկե կան: Տարիներ առաջ համացանցի ու նորագույն տեխնոլոգիաների բացակայության ժամանակ, երբ նոր էին ժողովրդավարական արժեքներն ու ազատ խոսքի տարրերը մեր կյանք մտնում, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցումներն առաջին հայացքից բավական հուսադրող էին: Ժամանակին նման հարցում իրականացրած կազմակերպություններից մեկի տվյալներով՝ ՀՀ-ում 1993 թվականին հարցվածների 70 տոկոսի կարծիքով մարդու իրավունքները հիմնականում պաշտպանված էին: Սակայն մասնագետներն այդ արդյունքներով չշտապեցին ուրախանալ:

652_bՎերլուծությունները հանգեցրին նրան, որ հարցման դրական արդյունքների հիմքում ընկած էր հարցի թերի ըմբռնումը, հարցման առարկայի վերաբերյալ խորքային պատկերացումների բացակայությունը, և հաճախ մեկ բան մտածելն ու այլ բան ասելը: Մասնագետներն այդ դեպքում ճիշտ էին, քանի որ որոշ պարզաբանող հարցերից հետո կրկնակի հարցումների արդյունքներն այլ բան էին վկայում: Վերադառնանք կայքի հարցումների արդյունքներին: Դրանց վերաբերյալ մասնագետների մեկնաբանություններն ավելի քան հետաքրքիր են: Այսօր շատ ենք խոսում ժողովրդի իրավագիտակցության բարձրացման, իրավունքների վերաբերյալ տարրական գիտելիքներ ունենալու հանրային անհրաժեշտության մասին: Այնուամենայնիվ, այս հարցումների արդյունքները վերլուծելիս՝ մասնագետները միակարծիք էին, որ մարդիկ փոխվել են: Փոխվել է ոչ վաղ անցյալում ունեցած մոտեցումը, մարդկանց մտածելակերպում ավելացել են որոշ արժեքներ, որոնք օգնում են երևույթներին նայել առավել շրջահայացորեն և ընդգրկուն: Հետաքրքիրն այն է, որ որևէ այլ՝ ժողովրդավարության ուղին նոր բռնած երկրում այսքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ հասնել մարդու իրավունքների պաշտպանվածության գիտակցման նման դրական արդյունքի: Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր ունի մեր ժողովրդի բնատուր քննադատական մտածողությունը, նորը արագ յուրացնելու, տեղայնացնելու նախանձելի հատկությունը, ինչպես նաև՝ անկաշկանդ ուղղախոսությունը: Ինչ խոսք, մեծ հաշվով հարցման արդյունքները գոհացուցիչ չեն. դրանք վկայում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում հսկայական անելիքների առկայության մասին: Դրանք փաստում են ոչ միայն մարդկանց մոտ պաշտպանվածության զգացողության պակասը, այլև հիշեցնում են սոցիալական խնդիրներից մինչև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության կարևորությունը: Ամեն դեպքում, պետք է փաստել, որ ի զարմանս շատերի, հարցման արդյունքները դրական կողմ էլ ունեն: Դրանք ցույց են տալիս, որ մեր ժամանակներում մարդիկ ոչ միայն պասիվ բողոքող են, այլ գիտակցում են փոփոխության անհրաժեշտությունը և պատրաստ են դրանում ներդրումներ ունենալ: Նրանք այսօր ավելի քաջատեղյակ են իրենց իրավունքներից, քան՝ առաջ: Միաժամանակ, հանրության այս գնահատականները սթափեցնող ազդեցություն պետք է ունենան բոլորիս, հատկապես՝ մարդու իրավունքների երաշխավորման և ապահովման գործուն մեխանիզմներ ապահովելու պատասխանատվություն կրող պաշտոնյաների և ինստիտուտների համար: Մեր գործունեության արդյունավետության առավել բնորոշ չափանիշ չկա, քան իրավիճակի փոփոխությունն այս ոլորտում. դրանից ելնելով է վաղը որոշվելու մեր քաղաքական պատասխանատվությունը հասարակության առջև:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել