Սահմանադրական դատարանը երկու նույնաբովանդակ նորմ ճանաչեց հակասահմանադրական այս ամսվա ընթացքում: Խոսքը վերաբերում է վարչական դատավարության և քրեական դատավարության օրենսգրքերի այն նորմերին, որոնց համաձայն` վճռաբեկ բողոք պետք է ներկայացնել միայն փաստաբանի միջոցով:
Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ ինքը կողմ է անձի իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունների ընդլայնմանը, և այս տեսանկյունից կողմ է ՍԴ-ի դիրքորոշմանը:
«Օրենսդրական այդ փոփոխության նպատակն այն էր, որ պրոֆեսիոնալների կողմից բողոքը ներկայացվեր: Սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ ոչ բոլոր անձիք հնարավորություն ունեին դիմել վճռաբեկ դատարան, ապա անձը զրկվում էր եռաստիճան դատական պաշտպանության հնարավորությունից»,- ասաց Լ. Սահակյանը:
Փաստաբանը ստեղծված իրավիճակում Հանրային պաշտպանի գրասենյակի առկայությունը միանշանակ լուծում չի համարում, քանի որ ոչ բոլոր անձիք իրավունք կարող են ունենալ օգտվելու հանրային պաշտպանի ծառայություններից: