ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է մի շարք սկզբունքային փոփոխություններ կատարել նշված օրենքում: Մասնավորապես`
1) ի տարբերություն օրենքի գործող խմբագրության, նախատեսվում է, որ ԱՊՊԱ պայմանագիրը կարող է կնքվել նաև ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ժառանգի հետ,
2) հաջորդ էական փոփոխությունը կապված է այն հանգամանքի հետ, որ պետական հաշվառումն իրականացնելու համար բավարար կլինի ոչ միայն ԱՊՊԱ կտրոնը ներկայացնելը, այլ նաև ապպա պայմանագիրը (ներկայումս պայամանագիրը ներկայացնելը պետական գրանցման համար հիմք չէ), ինչն էականորեն բարելավում է անձի վիճակը և ձերբազատում վարչական վարույթը ձևական պահանջների չարաշահման տարրերից,
3) հաջորդ փոփոխությունը կապված է ԱՊՊԱ պայմանագրի ուժի մեջ մտնելու հետ, որում ԱՊՊԱ պայմանագրի կնքման օրվանից ուժի մեջ մտնելու կանոնից սահմանվում է ևս մեկ բացառություն: Մասնավորապես, նախատեսվող փոփոխության համաձայն` ավտոտրանսպորտային միջոցի օտարման պայմանագրով (ներառյալ` հետագայում ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում կնքման ենթակա) ձեռք բերող համարվող կողմի կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի, որն ուժի մեջ է մտնում համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքն իրավասու պետական մարմնի կողմից գրանցելու և ավտոտրանսպորտային միջոցը հաշվառելու պահից, եթե դրանում ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Այսինքն, փոփոխության համաձայն մեքենայի վաճառքի դեպքում ԱՊՊԱ պայմանագիրը ուժի մեջ կմտնի նոր սեփականատիրոջ կողմից իր իրավունքները գրանցելու և մեքենան հաշվառելու պահից, եթե ավելի ուշ ժամկետ պայմանագրով նախատեսված չէ: