Անձին վարչական տույժի ենթարկելու համար անհրաժեշտ է, որ անցած չլինեն վարչական տույժի ենթարկելու ժամկետները, այլապես անձի նկատմամբ չի կարող կիրառվել վարչական պատասխանատվության միջոց: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում սահմանված են վարչական տույժ նշանակելու հետևյալ ժամկետները.
1. Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ հետևյալ դեպքերի,
2. Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման հատկանիշներ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
3. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում:
4. Եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից հետո` ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
5. Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելու, հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետում լիազոր մարմին չներկայացնելու կամ դա օրենքով սահմանված կարգով և ժամկետում չհրապարակելու, կուսակցության հրապարակած և լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար լիազոր մարմնի պահանջի դեպքում օրենքով սահմանված փաստաթղթերը սահմանված ժամկետում չտրամադրելու, կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները անկանխիկ չկատարելու, կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելու գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում: