Կինը երեք անգամ դանակահարել է ամուսնուն

Անի Խուդավերդյանը 2013թ. մայիսի 25-ին՝ կեսգիշերի սահմաններում ամուսնուն փնտրելու և տուն վերադարձնելու նպատակով դուրս է եկել տանից և գնացել Երևան քաղաքի «Մալաթիայի» գյուղմթերքների շուկա: Երևան քաղաքի Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկի մոտակայքում հանդիպել է ամուսնուն` Աղասի Կարապետյանին և նրան առաջարկել միասին տուն գնալ, սակայն վերջինս զայրացել է ու կարգադրել է Անի Խուդավերդյանին միայնակ տուն վերադառնալ: Նրանց միջև վեճ է ծագել, որի ընթացքում Աղասի Կարապետյանը ձեռքով մեկ անգամ հարվածել է Անի Խուդավերդյանի ուսին ու վայր գցել գետնին, ապա մոտեցել է նրան, բռնել մազերից և փորձել վեր բարձրացնել, սակայն Անի Խուդավերդյանն իր մոտ եղած խոհանոցային նշանակության դանակով երեք անգամ հարվածել է Աղասի Կարապետյանի կրծքավանդակին, որովայնին ու նախաբազկին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Մեղադրանք է առաջադրվել կնոջը: Դատարանում Անի Խուդավերդյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել կատարածի համար:

Դատարանը արձանագրել է, որ ամբաստանյալ Անի Խուդավերդյանի կողմից կատարած հանցագործությունում պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: Այս ամենով հանդերձ դատավորը գտել է, որ նրա նկատմամբ պետք է նշանակել պատիժ ազատազրկման ձևով:

«Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը ելնում է այն իրողությունից, որ օրենքի առաջնային պահանջը պատժի արդարացիությունն է, որը, որպես քրեական իրավունքի սկզբունք, ձևակերպված է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածում, համաձայն որի հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժը պետք է լինի արդարացի, անհրաժեշտ և բավարար նրան ուղղելու և նոր հանցագործությունը կանխելու համար, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի դրույթների համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»,- նշված է դատավճռում:

Դատարանը Անի Խուդավերդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով:

Կիրառվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 03.10.2013 թվականին ընդունված ՙՀայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին՝ որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և Անի Խուդավերդյանը ազատվել է պատժից:

Մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է բերել, սակայն դատարանն այն մերժել է:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել