Եթե քաղաքացու հողամասը կամ բնակարանը մուտք գործելու համար պահանջվում է հարևան հողամասի օգտագործումը, ապա քաղաքացին իրավունք ունի պահանջել հարկադիր սերվիտուտ:
Համաձայն ՀՀ քաղ.օր. 210 –րդ հոդվածի` հողամասի սեփականատերերը կամ օգտագործողներն իրավունք ունեն հարևան հողամասի սեփականատիրոջից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ հողամասի սեփականատիրոջից պահանջել իրենց տրամադրելու այդ հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ):
«Սերվիտուտ կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու և երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման և հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտի սահմանման»,-ասում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ` հողամասը սերվիտուտով ծանրաբեռնելը հողամասի սեփականատիրոջը չի զրկում այդ հողամասի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներից:
Սերվիտուտը կարող է լինել կամավոր և հարկադիր:
Աղբյուրը` Իրավաբան.net