Անմաքս առևտրի խանութները մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածքներ են, որտեղ թույլատրվում է իրացնել բացառապես «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքները։
Անմաքս առևտրի խանութներում վաճառվող ապրանքները նախատեսված են անձնական օգտագործման համար կամ որպես նվերներ։
Անմաքս առևտրի խանութներ կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք՝ սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է գտնվեն՝
ա) Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների անմիջական մաքսային հսկողության համար սահմանված տեղից հետո.
բ) Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների անմիջական մաքսային հսկողության համար սահմանված տեղերը։
Իրավաբան.net-ի հետ զրույցում Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանի խոսքով` անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է առանց որևէ սահմանափակման, այդ թվում՝ քանակական և գնային։
«Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվում են առանց մաքսային վճարներ գանձելու և ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու»,- նշեց նա: