Ամուսինների միջև հաճախ է վեճ առաջանում իրենց գույքի պատկանելության հետ կապված, հատկապես եթե նրանք ամուսնալուծված են:
«Պետք է իմանալ, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով»,- ասում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը iravaban.net-ի լրագրողի հետ զրույցում :
Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը միայն այդ ամուսնու սեփականությունն է:
Փաստաբանի խոսքով՝ անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:
«Պրակտիկայում հաճախ են առաջանում խնդիրներ` կապված զարդերի, պերճանքի առարկաների, հարսանիքի ժամանակ նվեր ստացած թանկարժեք իրերի պատկանելության մասին: Օրենքը հստակ չի կարգավորում այս խնդիրը` արդյոք կնոջ կողմից օգտագործվող մատանին, որ ամեն օր է կրում, համարվում է նաև ամուսնու սեփականությունը, թե համատեղ սեփականություն է միայն այն թանկարժեք իրը, որը չի օգտագործվում»,- նշում է Անահիտ Հակոբյանը:
Այս իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 –րդ հոդվածով: