«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը, գործող խմբագրությամբ, հնարավորություն չի ընձեռում ռեեստր վարող մարմնից տեղեկություններ ստանալու ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցված անձանց վերաբերյալ, այս պարագայում այդ տեղեկությունները փակ են համընդհանուր ծանոթացման համար, ինչն իր մեջ որոշակի կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
ՀՀ կառավարության կողմից շրջանառվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծ, որով նախատեսվում է ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ բաժնետերերի (անվանատերերի) անունը, ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը, իրավաբանական անձ բաժնետերերի (անվանատերերի) անվանումը և պետական գրանցման համարը, ինչպես նաև այդ բաժնետերերին (անվանատերերին) պատկանող բաժնետոմսերի քանակի եւ տեսակի (դասի) վերաբերյալ տեղեկությունները հասանելի դարձնել համընդհանուր ծանոթացման համար` համապատասխան վճարի դիմաց:
Iravaban.net-ի հետ զրույցում «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի , փաստաբան Կարեն Հովհաննիսյանի խոսքով` նշված օրինագծի ընդունման պարագայում բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունները խորհրդապահական տեղեկություններից կվերածվեն հասանելի տեղեկությունների, որն էլ կնպաստի թափանցիկության և հասարակական վերահսկողության բարձրացմանը: