Ոստիկանության օպերատիվ ամփոփագրից. Ցանկացել է ընթացքի ժամանակ իջնել ավտոբուսից

Մեքենան փախցրել ու ապամոնտաժել են

Օգոստոսի 2-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Տիտոգրադյան փողոցից՝ «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Ռուբեն Հ.-ին և 1962 թ. ծնված  Աշոտ Հ.-ին: Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 4 անիվ, էլեկտրական մարտկոց և այլ պահեստամասեր: Պարզվել է, որ նրանք գիշերը Հալաբյան փողոցի թիվ 25 շենքի հետնամասից «ՎԱԶ-2121»  մակնիշի մի ավտոմեքենա են փախցրել, որը Նուբարաշենի այգեգործական ընկերության տարածքում ապամոնտաժել են և գողացել նշված պահեստամասերը: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Վարորդը դիմել է փախուստի

Օգոստոսի 2-ին, ժամը 20.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա   և դիմել փախուստի: Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է   հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Մահացու պատահար Ծովակալ Իսակովի պողոտայում

Օգոստոսի 2-ին, ժամը 04.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 4/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

 

Վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց

Օգոստոսի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում,  «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Մովսես Խորենացու փողոցի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա և  իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Կողաշրջվել է

Օգոստոսի 2-ին, ժամը 12.20-ին, «Սկանիա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 156-րդ կմ-ին դուրս  է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ցանկացել է ընթացքի ժամանակ իջնել ավտոբուսից

Օգոստոսի 2-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից  ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, նա ցանկացել է «ՊԱԶ»  մակիշի ավտոբուսի  ընթացքի ժամանակ Չորաթան գյուղի մոտ իջնել բաց դռնից, սակայն վայր է ընկել և ստացել  վնասվածքներ: Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է քննություն:

Վիճաբանություն այգում

Օգոստոսի 1-ին, ժամը  21.30-ին,  1989 թ. ծնված Դավիթ Ղ.-ն Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում մոտեցել է ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել: Նույն օրը, ժամը 21.40-ին,  Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկից, Դավիթ Ղ.-ին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1958 թ. ծնված Արսեն Ն.-ն և 1993 թ. ծնված Էրիկ Մ.-ն: Պարզվել է, որ  Հ. Թումանյանի անվան այգում, վիճաբանության ժամանակ, նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Դավիթ Ղ.-ին և պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Աղբամանների գողը հայտնաբերվել է

Օգոստոսի 1-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները,   գողություն կատարելու կասկածանքով, իր տան մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գոռ Խ.-ին: Պարզվել է, որ նա հուլիսի 31-ի գիշերը «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով 6 աղբաման է գողացել Արշակունյաց պողոտայից և Շիրակի փողոցից: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Նախկինում դատվածը՝ նոր հանցադրվագով

Օգոստոսի 1-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները  Նոր Նորքի մի ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված, նախկինում դատված Արարատ Մ.-ին: Պարզվել է, որ նա հուլիսին տներից մեկից բջջային 2 հեռախոս է գողացել: Կատարվում է նախաքննություն:

Ձեռքերով և փայտով

Օգոստոսի 1-ին, ժամը 04.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ բազմաթիվ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1967 թ. ծնված Արթուր Վ.-ն: Պարզվել է, որ գիշերը Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցում, վիճաբանության ժամանակ, հարբած վիճակում նրան ձեռքերով և փայտով վնասվածքները պատճառել է ոմն Էրիկ: Առավոտյան  պարզվել է, որ ոմն Էրիկը 1976 թ. ծնված  Էրիկ Ս.-ն է: Արթուր Վ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:

Զոդման սարքեր է գողացել

Օգոստոսի 1-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության  և Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Մնացական Ա.-ին: Պարզվել է, որ նա հունիսին Հրազդան քաղաքի մի շինությունից զոդման սարքեր է գողացել: Նախապատրաստվում են նյութեր:

Ավազակության և խարդախության մեղադրանքներով

Օգոստոսի 3-ին, ժամը 04.20-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ խումբը Սոֆիա-Մոսկվա-Երևան   չվերթով ՀՀ է տեղափոխել 1964 թ. ծնված  Աշոտ  Օհանյանին, որը 2000 թ. մարտի 2-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:

 

***

Օգոստոսի 2-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը  Մոսկվա-Երևան  չվերթով ՀՀ է տեղափոխել 1964 թ. ծնված Արմեն  Հարությունյանին, որը 2010 թ. մայիսի 27-ից ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել