ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային oրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են նաև պայմանագրային հարաբերությունների կարգավորման մասին Աշխատանքային օրենսգրքի դրույթները:
Նույն օրենսգրքի մեկ այլ հոդվածի համաձայն` «Անօրինական է համարվում առանց սույն օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի կատարվող աշխատանքը:»:
Արդյունքում օրենսդիրը աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք է համարում նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը, սակայն անօրինական է համարում միայն առանց աշխատանքային պայմանագրի կատարվող աշխատանքը:
Iravaban.net-ի հետ զրույցում Երևանի հակակոռուպցիոն կետրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանի խոսքով` օրենսգրքի երկու հոդվածների միջև հակասություններն անհրաժեշտ է լուծել օրենսդրական փոփոխությամբ:
«Քանի որ անիմաստ է դառնում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք համարելը, եթե աշխատանքային պայմանագիր կնքելը պարտադիր է, որպեսզի աշխատանքը չհամարվի անօրինական»,- նշեց նա: