Օգոստոսի 2-ին ժամը 12:00-ին “Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության” կոալիցիան կազմակերպում է ցույց` Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանի (ք. Արտաշատ) առջև` Մարիամ Գևորգյանի գործով: Այս մասին հայտնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կոչ անելովլրատվամիջոցների ներկայացուցիչների և գործով հետաքրքրված քաղաքացիների ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը:
Տեղեկացնենք, որ ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդական Արսեն Բաբայանը Մարիամ Գեւորգյանի գործի քննության ժամանակ դատարանի բակում պարբերաբար կազմակերպվող ցույցի մասին iravaban.net-ի հետ ավելի վաղ զրույցում նշել էր. «Նման ակցիաների կազմակերպումը ոչ միայն իմաստազուրկ է, այլ նաև կարող է դիտարկվել որպես դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց»:
Իսկ Մարիամ Գեւորգյանի փաստաբանը iravaban. net-ի լրագրողին ասել էր, որ ցույցի կազմակերպիչների պահանջը` անցկացնել դռնբաց դատական նիստի եւ արդար դատաքննությունն մարդկանց ցանկություն է և դեռևս որևէ մեկը չի ասել, որ տեղի է ունենում ոչ արդարացի դատաքննություն:
Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանիհետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել:
Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով: