ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի»:
Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Այս մասին iravaban.net-ի հետ զրույցում ասաց Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Սահմանադրական այս նորմի հիման վրա ընդունված «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի համաձայն`
1. հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է:
2. Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական պայմաններն են՝
ա) օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով.
բ) օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում (այսուհետ՝ փոխհատուցում):
Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ՝ գերակա հանրային շահի որոշման սկզբունքներն են՝
ա) հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից.
բ) գերակա հանրային շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման.
գ) գերակա հանրային շահից ելնելով` սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը.
դ) հանրային շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ.
ե) գերակա հանրային շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով: