«Հաշմանդամ երեխայի բուժօգնությունն անվճար է, բայց, այնուամենայնիվ, որոշակի գումար պետք է վճարեք». այսպես էին պատասխանել Գավառի բուժկենտրոնում հաշմանդամ երեխայի մորը, երբ վերջինս երեխայի առողջական խնդիրներով դիմել էր բժշկի: Լիլիթը շատ լավ գիտակցում էր, թե ինչ է նշանակում այլ գումար, գիտակցում էր, որ այդ «մաղարիչ» կոչվածն էլ չի կարող տալ, որ իր երեխային բուժօգնություն ցուցաբերեն:
Հուլիսի 20-ին Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի և «Բարի հույս» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ հաշմանդամ երեխա ունեցող ծնողները բարձրացրին իրենց մտահոգող հարցերն ու խնդիրները: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը:
Ծնողները մտահոգ էին, որ իրենք շատ դեպքերում չեն օգտվում հաշմանդամ երեխաներին տրամադրվող արտոնություններից` անվճար դեղեր, բուժսպասարկում, բժշկական սոցիալական փորձաքննություն, դժգոհում էին պետական և տեղական մարմինների կողմից հաշմանդամների նկատմամբ անտարբերությունից: Մեկ այլ ծնող էլ բողոքում էր, որ Գավառի հանրային հաստատություններում կա թեքահարթակների խնդիր, և այդ խնդրով ոչ մի պատկան մարմին չի զբաղվում:
Գեղարքունիքի տարածքային գրասենյակի աշխատակցիները արձանագրեցին հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերն ու խնդիրները և նշեցին, որ
սահմանափակ հնարավորությունները չեն կարող պատճառ հանդիսանալ իրավունքների սահմանափակմանը, և Պաշտպանը պատրաստ է աջակցել բոլոր այն անձանց, ում իրավունքները խախտվել են: Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց նաև Պաշտպանին դիմելու կարգը, ընթացքը, արագ արձագանքման 116 շուրջօրյա թեժ գիծը: