Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մսամթերքը, կաթնամթերքը, մանկական սնունդը գտնվում են ռիսկային բարձր խմբում:
Իսկ թե ինչպե˚ս պետք է ապահովել սննդամթերքի անվտանգությունը, այս թեմայով iravaban.net-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ «Էկո կենտրոն» սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, անասնաբուժական գիտությունների թեկնածու Դավիթ Պիպոյանի հետ:
Վերջինիս խոսքով` սննդամթերքի անվտանգության ապահովման լիարժեք համակարգ ներդնելու համար մեր հանրապետությունից կպահանջվի առնվազն 10-ը տարի:
«Ամբողջ աշխարհն այսօր սննդամթերքի անվտանգության բնագավառում ներդրել է մի համակարգ, որը կոչվում է ռիսկի վերլուծության համակարգ: Այն բաղկացած է երեք գործընթացից` ռիսկի գնահատում, ռիսկի կառավարում և ռիսկի հաղորդակցություն: Ռիսկի գնահատումը պետք է իրականացնի գիտական կազմակերպությունը, որից հետո ռիսկի գնահատողները ռիսկի կառավարիչներին ներկայացնում են հաղորդակցություն` թերությունները վերացնելու համար, իսկ ռիսկի հաղորդակցությունն իր մեջ ներառում է բոլոր շահառուներին` ե’ւ տնտեսվարող սուբյեկտներին, ե’ւ զլմ-ներին, ե’ւ սպառողներին»,- ասում է Դավիթ Պիպոյանը:
Մասնագետը նշում է, որ աշխարհի շատ երկրներում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը և սպառողը` ի դեմս ՀԿ-ների, զլմ-ների, ունեն հավասարազոր իրավունքներ ե’ւ սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացում, ե’ւ քաղաքականության մշակման: Այդ նպատակով գործում են թեժ գծեր` մարդիկ կարող են զանգել, օժանդակել կառույցի զարգացմանը: Սակայն այս պահի դրությամբ հուսալ, որ մեր երկիրն ի վիճակի է ներդնելու աշխարհի` սննդամթերքի անվտանգության բնագավառում ընդունած այս համակարգը, սխալ է, քանի որ դրա համար անհրաժեշտ է պետբյուջեից հատկացնել բավականին շատ գումար:
Հիշեցնենք, որ մեր երկրում «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» աշխատանքն է հայտնաբերել ժամկետանց, կասկածելի և մակնշման խնդիրներ ունեցող ապրանքները և հանել իրացման ցանցից` օրենքով սահմանված կարգով: «Սննդամթերքի մասին» օրենքի նոր փոփոխությունները ծառայությանը հնարավորություն է տվել ուժեղացնել պետական վերահսկողությունն այդ ոլորտի իրացման ցանցում` դիտարկման միջոցով: