Ս.թ. հուլիսի 8-ին, «Հարսնաքար» համալիրի մոտակայքում տեղի ունեցած դեպքերը կրկին ապացուցեցին «Վահե Ավետյան» հասարակական շարժման կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված իշխանական համակարգին տված այն բնորոշումը, ըստ որի` այն առաջնորդվում է ժողովրդավարական պետականության արդի ընկալումների և օրինականության հետ անհամատեղելի, հանցավոր կամայականության և անպատիժ ինքնադատաստանի սկզբունքների վրա հիմնված բռնության` քրեական մշակույթի արժեհամակարգով:
Այդ են վկայում թե’ հարյուրավոր ոստիկանների անգործ ներկայությամբ ֆոտոլրագրող Արման Վեզիրյանի նկատմամբ քաղաքացի Ռուբեն Հայրապետյանի (մականունը` «Նեմեց») կիրառած հերթական սադրիչ խուլիգանական արարքը, թե’ ոստիկանական ուժերի կողմից մոմավառության մասնակիցներին Հայաստանի հանրապետության քաղաքացի Վահե Ավետյանի դաժան ծեծին հետևած մահվան Յոթնօրեքին հիշատակի տուրք մատուցելն արգելելը, և թե’ մոմավառության մասնակիցների նկատմամբ ոստիկանների և «կարմիր բերետավորների» կիրառած անպատկառ բիրտ ուժը:
Նկարագրվածը «Վահե Ավետյան» հասարակական շարժման, ինչպես նաև միջոցառմանը մասնակցող «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության կողմնակիցների համար քաղաքացիական հասունության և արիության յուրատեսակ փորձաքննություն հանդիսացան:
Սաղավարտավոր ոստիկանական ուժերի և «կարմիր բերետավորների» վայրագությանը անզեն դիմադրելուց անմիջապես հետո, մոմավառության մի քանի հարյուր մասնակիցները բողոքի ինքնաբուխ գիշերային երթի դուրս եկան քաղաքացի Ռուբեն Հայրապետյանի «մելիքություն» հանդիսացող Ավան թաղամասում: Նրա պարսպապատ ապարանքի մոտ տեղի ունեցած թե ելույթները, թե Վահե Ավետյանի հիշատակի հարգմանը նվիրված լռության րոպեները վկայեցին քաղաքացի Ռուբեն Հայրապետյանին և նրան ծնած և սնուցող համակարգի սահմանազանց սպասավորներին Վահե Ավետյանի ընտանիքի, հասարակության և օրենքի առջև պատասխանատվության կանչելուն հասնելու` շարժման մասնակից քաղաքացիների վճռական կամքի և արժանապատիվ համբերութան մասին:
Հայկական զինված ուժերի սպա Վահե Ավետյանի նկատմամբ դաժան հաշվհարդարին հետևած մահվան Յոթնօրեքի ավանդական մոմավառության օրը ոստիկանության ղեկավարության որոշումները, ոստիկականական ուժերի կեցվածքը, հայհոյախառը լեզուն և բռնի այլ գործողությունները հայ ժողովրդին սարսափով հնազանդեցնելու և իշխելու` «ստրկացիր կամ հեռացիր հայրենիքիցդ» չհռչակված կարգախոսով բնութագրվող քաղաքականության բացառիկ լկտի արտահայտությունն էին:
Այդ օրվա դեպքերի ընթացքում ոստիկանական ուժերի գործողությունների անիրավաչափության գնահատականը արդեն տրված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Սակայն բոլորին հասկանալի է, որ անպատժելիության և ամենաթողության պայմաններում մենք պատրանքներ չունենք Հայաստանի հանրապետության արդարադատության համակարգի վերաբերյալ:
Ոստիկաններին ապօրինի հրաման տված հրամանատարները և նրանց կամակատարները պետք է քաջ գիտակցեն, որ լցվում է քաղաքացիների համբերության բաժակը, և մոտենում է այն օրը, երբ իրենք պետք է պատասխան տան իրենց այս և այլ նախորդող անիրավաչափ գործողությունների համար և հանրությունը դեռ հիշեցնելու է Վահե Ավետյանի հիշատակի մոմավառության օրը նրանց գռեհիկ հայհոյանքներով ուղեկցվող ծեծի տեսագրված պատկերները և օրենքի ողջ ուժով պատասխանատվության է կանչելու:
Մենք առաջնորդվում ենք այն գիտացությամբ, որ Վահե Ավետյանի մահվան և նրա ընկերների ծանր մարմնական վնասվածքների բոլոր մեղավորների պատասխանատվության կանչումն է լինելու բռնության և դաժան վերաբերմունքի հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման ու պարսավանքի և սեփական ուժերի նկատմամբ վստահության այնքան անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու գրավականը: Միայն այդ վստահության պայմաններում քաղաքացիական պարտականությունների կատարումը կդառնա այն հանրային երաշխիքը, որը բռնության կամ դրա քարոզի ցանկացած այլ դրսևորման դեպքում կհանգեցնի հասարակության անհապաղ և գործուն արձագանքին: Վերջինս նման անձանց կդարձնի լուսանցքային և կզրկի հանրային գործառույթներն իրագործելու համար անհրաժեշտ մարդկային ու հասարակական հենարանից:
Շարժման նախաձեռնող խումբը Վահե Ավետյանի մահվան Քառասունքի օրը հայտարարում է համահայկական մոմավառության օր և կոչ է անում թե’ Հայաստանի, և թե’ Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին հարգել հայորդու, հայոց բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ