Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մշակվում է դատարան դիմելու կարգը խստացնելուն ուղղված բարեփոխումների նոր փաթեթ, որը դեռևս չի ընդունվել: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել է «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արա Ղազարյանը՝ հերքելով rus.azattyq.org կայքէջի տարածած տեղեկությունը, թե ՄԻԵԴ-ն արդեն խստացրել է դատարան դիմելու կարգը: Նա պարզաբանել է, որ միշտ էլ Եվրոդատարանում տենդենց կա բարեփոխումներ անցկացնել գանգատների մեծ հոսքը ինչ-որ չափով զսպելու համար՝ մասնավորապես, առաջարկվում է գանգատով դիմելու համար սահմանել տուրք, գանգատներ գրել միայն անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով և այլն:
Ըստ Արա Ղազարյանի, դատարան դիմելու չափանիշների խստացումը սահմանափակում են մարդու իրավունքները, սակայն Եվրոդատարանը ստիպված է դա անել, որովհետև 47 երկիր՝ 800 մլն ընդհանուր բնակչությամբ, սպասարկող դատարանն ուղղակի չի կարող դիմագրավել գանգատների հոսքին: Հատկապես որ, 200 հազարից անցնող գանգատների մեծ մասն ակնհայտ անհիմն գանգատներ են: «Փակ շրջան է ստացվում. որքան ավելացվում են Եվրոդատարանի ռեսուրսները, այնքան գանգատների թիվն ավելանում է»,- ասաց Ա. Ղազարյանը: