Սահմանադրությունը պարզապես իրավաբանական փաստաթուղթ չէ: Սահմանադրությունը պետականության ատրիբուտներից մեկն է: Սահմանադրությունը պետության զարգացման հիմնական ուղենիշն է, Սահմանադրությունն է սահմանում այն արժեքները, որոնց հիման վրա պետական, հասարակական ու քաղաքական կյանքը կառուցվում է: Իհարկե, կարող եք հարցնել` որքանո՞վ է Սահմանադրությունից դեպի կյանք ճանապարհը սահուն անցնում, ի՞նչ խնդիրներ ունենք այդ ճանապարհը հարթ դարձնելու, լիարժեք իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն ունենալու համար:
Այս առումով Սահմանադրությունը պետության տեսլականի փաստաթուղթ է: Ուստի ցանկալի է, որպեսզի այն խոչընդոտները, որոնք առկա են Սահմանադրությունից դեպի կյանք անցման ճանապարհին հաղթահարենք, հնարավորինս անկորուստ` համատեղ ջանքերով: Եվ Սահմանադրության ընդունման օրն էլ իրականում տոն դառնա բոլորիս համար: Բոլորս գիտակցենք, որ Սահմանադրությունը պետականության խորհրդանիշն է, դարեր շարունակ պետականությունից զրկված ժողովուրդը՝ գիտակցելով Սահմանադրություն ունենալու կարևորությունը հպարտությամբ համակվի, և հուլիսի 5-ը իսկապես տոն դառնա յուրաքանչյուր հայի համար: Ու թեև դեռ կան անելիքներ, այդուամենայնիվ հավատում եմ, որ հեռու չէ այդ օրը:
Շնորհավորում եմ բոլորիս: