Վարչապետի կնոջ հարստանալու բանաձևը

Hetq.am կայքում 2012թ. հունիսի 18-ին տեղադրված «Վարչապետի ու տիկնոջ դոլարային եկամուտները սրընթաց աճում են» հոդվածի վերաբերյալ և այնտեղ հնչեցված «արդյոք վարչապետի կինը կներկայացնի այն բանաձևը, ըստ որի` չաշխատելով կարելի է միլիոններ կուտակել» հարցի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը.

Այդպիսի բանաձև չկա: Առանց աշխատանքի հարստանալ հնարավոր չէ: Հաջողության կարելի է հասնել միայն աշխատելով՝ այն էլ բարեխիղճ և նվիրումով աշխատանքի շնորհիվ: Այս առումով բանաձևը պարզ է.

Առաջին հերթին անհրաժեշտ է կարողանալ ընդունվել լավագույն համալսարաններից մեկը՝ իմ դեպքում դա Լենինգրադի պետական համալսարանն է:

Անհրաժեշտ է ջանասիրաբար սովորել և ստանալ գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան զբաղվել սիրած աշխատանքով:

Անհրաժեշտ է աշխատել առնվազն քսանհինգ տարի՝ դասավանդելով տարբեր համալսարաններում: Անհրաժեշտ է կուտակել այնպիսի գիտելիքներ և փորձ, որ կարողանաք հաղթել միջազգային մրցույթներում՝ իմ դեպքում Եվրոպական համալսարաններից մեկում տասնյոթ տարվա աշխատանքային պայմանագրով աշխատելն է: Ուսումը պետք է լինի շարունակական և պետք է կատարելագործվել՝ իմ դեպքում դա Լաս Պալմասի համալսարանի ասպիրանտուրան է: Ցանկալի է մասնակցել մի շարք միաջազգային գիտական ծրագրերի, ինչի արդյունքում դառնալ դասագրքի հեղինակ, որով աշխարհի հազարավոր ուսանողներ կարող են սովորել՝ իմ դեպքում դա «Ռուսաց լեզուն իսպանախոսների համար» դասագիրքն է: Միաժամանակ ցանկալի է զբաղվել նաև թարգմանչական աշխատանքով՝ ավելացնելով մասնագիտական հմտությունները: Ահա այսպիսինն է իմ անցած մասնագիտական և աշխատանքային ճանապարհը:

Իսկ երբ ծնվեց մեր փոքրիկը, մենք, ամուսնուս հետ միասին, որոշեցինք, որ ես պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեմ իմ ընտանիքին և զբաղվեմ երեխաների դաստիարակությամբ:

Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Գոհար Սարգսյան

Hetq.am

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել