Այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում աշխատանքներն ավարտեց ՀՀ բնապահպանության նախարարության ու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության համատեղ տարածաշրջանային աշխատաժողովը, որը նվիրված էր Արևելյան Եվրոպայի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ազգային համատեքստին համապատասխան մեղմման գործողությունների նախապատրաստման և իրականացման գործընթացում փորձի և քաղված դասերի փոխանակմանը:
33 պետություններից և 11 միջազգային կազմակերպություններից Երևան ժամանած 73 ներկայացուցիչներ քննարկեցին «Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրի» նախապատրաստման և իրականացմանն առնչվող տարաբնույթ հարցեր:
Նշենք, որ Կլիմայի փոփոխության կոնվենցիայի իրականացման հետագա ընթացքը կապված է Հայաստանի նման կարգավիճակ ունեցող` զարգացող երկրների, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման քանակական պարտավորությունների իրականացման, դրանց ֆինանսավորման և վերահսկման ընդունելի մեխանիզմների հետ: Ջերմոցային գազերի նվազեցման հիմնական ուղիներն են վերականգնվող էներգետիկայի զարգացումը, էներգախնայողությունը, տրանսպորտի արտանետումների նվազեցումը, կայուն անտառկառավարումը ու հողօգտագործումը:
«Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրերի» հայեցակարգը միջազգային բանակցությունների օրակարգում պաշտոնապես ներառվել է 2007 թվականին, այսպես կոչված «Բալիի գործողությունների ծրագրով»: Այնուհետև այդ հայեցակարգը կատարելագործվել է Կանկունյան համաձայնագրով, և նոր թափ և որակ ստացել Դուրբանյան որոշումներով:
Ավելացնենք, որ այդ ծրագրի մշակումը նախատեսված է ոչ միայն միջազգային համաձայնություններով, այլև ՀՀ կառավարության համապատասխան որոշ¬ումներով: