Այսօր change.org համաշխարհային ցանցում ստորագրահավաք է սկսվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ:
Ստորագրահավաքի կազմակերպիչները ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին ուղղված նամակում մանրամասում են ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի մասին: Որի արդյունքում մի քանի ռազմական բժիշկներ դաժան ծեծի են ենթարկվել ռեստորանային համալիրի անվտանգության աշխատողների և Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից: Դրա հետևանքով, հունիսի 29-ին երկու երեխաների հայր, 33-ամյա բժիշկ Վահե Ավետյանը մահացել է հոսպիտալում: Իսկ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվում է Վահե Ավետյանի մահվան մեջ ունեցած իր պատասխանատվությունից:
Ստորագրահավաքի կազմակերպիչները պատկան մարմիններին խնդրում են այլևս թույլ չտալ Ռուբեն Հայրապետյանին զբաղեցնել ՀՖՖ նախագահի պաշտոնը, քանի որ վերջինս լրագրողների ներկայությամբ բազմիցս արել է այնպիսի հայտարարություններ, որով իրեն վեր է դասել օրենքից: Նամակում նշվում է, որ Ռուբեն Հայրապետյանն այն մարդը չէ, որ զբաղեցնի ՀՖՖ նախագահի պաշտոնը և անհրաժեշտ է շուտափույթ արձագանքել նրա` ՀՖՖ նախագահի պաշտոնին մնալու դեմ:
Այս պահի դրությամբ ստորագրահավաքին միացել է 1580-ից ավելի մարդ:
Ստորագրահավաքին կարող եք միանալ այստեղ: