Հայաստան մուտք գործելիս՝ ինչպիսի՞ առողջապահական ապահովագրության ծածկույթ պետք է ներկայացնի օտարերկրացին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիների կողմից ներկայացվող առողջապահական (ճամփորդական) ապահովագրության ծածկույթը սահմանելու մասին հրաման է ստորագրել, որում ասվում է․

«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիների կողմից ներկայացվող առողջապահական (ճամփորդական) ապահովագրության ծածկույթը ` համաձայն հավելվածի:

2. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ) ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱԾԿՈՒՅԹ

1. Օտարերկրացին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար առնվազն մուտքի վիզայի ժամկետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, ներկայացնում է առողջապահական (ճամփորդական) ապահովագրություն նվազագույնը հետևյալ ծածկույթով`

1) շրջապատի համար վտանգ ներկայացնող հետևյալ հիվանդություններ`

ա. տուբերկուլոզ (բոլոր ձևերը),

բ. ՄԻԱՎ վարակ,

գ. վիրուսային հեպատիտներ,

2) առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ,այդ թվում` մինչև 18 տարեկան երեխաների ԱԱՊ ծառայություններ`

ա. ԱԱՊ բժշկի և նեղ մասնագետների խորհրդատվություններ,

բ. ԱԱՊ բժշկի և համապատասխան մասնագետի նշանակմամբ դեղերի տրամադրում,

գ. կանանց համար գինեկոլոգի խորհրդատվություն,

դ. լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ`

– կլինիկական հետազոտություններ,

– կենսաքիմիական հետազոտություններ,

– էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),

– ուլտրաձայնային հետազոտություններ,

– ռենտգենաբանական հետազոտություններ.

ե. պատվաստումների իրականացում,

զ. սքրինինգներ (մինչև 18 տարեկան երեխաների` նորածնային և առողջ երեխայի սքրինինգներ, 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձանց համար`զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտությունների իրականացում),

3) հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության (emergency) ծառայություններ (այդ թվում` մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող ծառայություններ),

4) արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում մանկաբարձական բժշկական օգնություն (ներառյալ հղիների նախածննդյան
հսկողություն, հղիության ախտաբանություն և ծննդօգնություն),

5) շտապ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,

6) հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդություններ ու վիճակներ (այդ թվում` վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև նորածնային ծառայությունների տրամադրում)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել