Էն տխրահռչակ ու սուտասան «բլոգերը» հերթական սուտն է հնչեցրել իմ մասին՝ պնդելով, թե աստղաբաշխական գնով տուն եմ առնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը։
«Դեռ մի հատ էլ լուսանկար է հրապարակել, որն ինչ-որ մեկը գաղտագողի նկարել է շաբաթներ առաջ, երբ ես ու կինս հերթական ու սովորական բնակարանային առաջարկին էինք ծանոթանում Երևանի Շիրազ 2/9 հասցեում:
Ուրեմն, մի քանի փաստ իմ բնակարանային կարիքների ու պլանների և ֆինանսական կարողությունների մասին, որպեսզի հատկապես բամբասկոտ մարդիկ իրենց երևակայությանը զոռ չտան՝ հերթական զրպարտությունների հիման վրա:
1. Ինչպես քանիցս ասել եմ, ես ու իմ ընտանիքը միայն մեկ բնակարան ունենք, այն էլ՝ Ստեփանակերտում ու մեկսենյականոց: Իսկ Արցախից մեր բռնի տեղահանման հետևանքով ստիպված ենք մեր բնակարանային խնդիրները հիմնարար կերպով լուծել, որքան էլ դա ծանր լինի մեզ համար:
2. Ինչպես հազարավոր այլ ընտանիքներ, մենք էլ հիմա որոնում ենք հարմար բնակարանային առաջարկներ, որպեսզի հասցնենք մինչև տարեվերջ հիպոտեկային վարկով բնակարան գնել և օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրից և, հուսամ, նաև տեղահանված արցախցիների համար նախատեսված բնակարանային ծրագրից: Չիմացողներին տեղեկացնեմ, որ այդ երկու ծրագրերից օգտվելու համար բնակարանի գինը չի կարող գերազանցել 55 մլն դրամը, որը կարող եք համեմատել այդ զրպարտության մեջ նշված գումարի հետ:
3. Հիմա արդեն կողմնորոշվել ենք բնակարանի ընտրության հարցում՝ Երևանի այլ հատվածում, որն անհամեմատ ավելի էժան է, քան վերոնշյալ առավելագույն սահմանաչափը՝ 55 միլիոնը: Մնում է բանկը վարկը տրամադրի, իսկ մենք էլ ապահովենք 10% կանխավճարի վճարումը, որն, ի դեպ, մեր հայթայթած գումարից ավելին է:
4. Հետաքրքրասեր մարդիկ կարող են նայել նշածս Շիրազ 2/9 հասցեն և նույնիսկ այդ անձնավորության նշած Շիրազ 5 հասցեն, և ստուգել, թե արդյոք նրա նշած գնին նույնիսկ մոտիկ գնով բնակարան կա այնտեղ: Իսկ շատ ավելի հետաքրքրասեր մարդկանց հրավիրում եմ դիտելու իմ բանկային հաշիվների պատմությունը և ուղեկցելու ինձ հիպոտեկային վարկի ձևակերպման առաջիկա քաշքշուկներում:
5. Քսան տարվա վարկային բեռի տակ մտնելով՝ ես պատրաստվում եմ ավելի շատ աշխատել ու վաստակել, որպեսզի ընտանիքիս նվազագույն կարիքները հոգամ, իսկ մնացած ժամանակս ու կարողություններս ներդնեմ իմ հասարակական գործունեության մեջ, որը կա և կլինի առավելապես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար:
6. Եթե ոմանք հաճախակի են քրտնում իմ հասարակական գործունեությունից, ապա զգուշացնում եմ, որ ոչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու իմ արժեքների ու սկզբունքների համար պայքարում, իսկ դուք էլ ստիպված եք լինելու ավելի շատ քրտնել և նույնիսկ սրտի նոպաներ ունենալ, քանի որ մեր արժեհամակարգերը հակասում են միմյանց:
7. Շնաբարո անձանց էլ զգուշացնում եմ, որ իրենց կեղտոտ ձեռքերը հեռու պահեն ընտանիքիցս: Ձեր արշինով մի՛ չափեք մարդկանց ընտանիքները, արժեքներն ու գլխի պարունակությունը:
Հ.Գ. Ես այսքանը ներկայացրեցի, քանի որ երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցնելու արդյունքում հանրային հաշվետվողականության ու թափանցիկության պարտավորություն ունեմ: Բացի դրանից, շատերը կուլ են տալիս կեղտոտ բամբասանքների խայծը, որը բացասաբար է անդրադառնում իմ հասարակական գործունեության արդյունավետության վրա»,-նշել է նա: