Զինծառայողը կատարել է անդամախեղում՝ զինծառայությունից խուսափելու նպատակով․ հրապարակվել է դատավճիռը

Արմեն Դ.-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, 2023 թվականի հունվարի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ինքնակամ թողնելով  զորամասի տարածքը, կոտրված ապակու միջոցով, անձնական և ընտանեկան խնդիրներ ունենալու պատճառով, իր առողջությանը պատճառել է ձախ նախաբազկի ներսային մակերեսի մանր քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ, որը հանգեցրել է զինվորական ծառայության և դրա առանձին պարտականությունների ժամանակավորապես դադարեցնելուն` 2023 թվականի հունվարի 13-ին բուժման նպատակով նախ տեղափոխվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որտեղից էլ նույն օրը կրկին բուժման նպատակով տեղափոխվել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։

Բացի այդ, շարքային Արմեն Դ․-ն 2023 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել է զորամասի տարածքը, որից հետո քննությամբ դեռևս անհայտ ավտոմեքենայով ուղևորվել է Երևան, շուրջ 10 օր գիշերել տարբեր հյուրանոցներում, որի ընթացքում 2024 թվականի մարտի 3-ից 2024 թվականի մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում Կասկադում, կոտրված ապակու միջոցով անձնական և ընտանեկան խնդիրներ ունենալու պատճառով իր առողջությանը պատճառել է մարմնական վնասվածքններ, որը կարող էր հանգեցրել զինվորական ծառայության և դրա առանձին պարտականությունյունների ժամանակավորապես դադարեցնելուն։

Անդամախեղում կատարելուց հետո վերադարձել է, տեղափոխվել է կայազորի զինվորական հոսպիտալ, դրանով իսկ զինվորական ծառայությունից առանց հարգելի պատճառների բացակայելով 72 ժամից ավելի:

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի օգոստոսի 27-ին և մակագրվել դատավոր Վահե Ջիվանյանին։

Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Դատարանը վճռել է Արմեն Դ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքների կատարման մեջ։

Նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ կարճաժամկետ ազատազրկում և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1  տարի ժամկետով։

Մեղադրյալի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա։

Փորձաշրջանի ընթացքում մեղադրյալ Արմեն Դ․-ին պարտավորեցնել՝

– առանց իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը,

– բնակության վայրը փոխելու դեպքում հայտնել իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն։

Փորձաշրջանի սկիզբը հաշվել մեղադրյալին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումում հաշվառման վերցնելու պահից։

Արմեն Դ․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել նոյեմբերի 26-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել