Այո, 2018 թվականին եղել եմ «Իմ քայլը» դաշինքով պատգամավորության թեկնածու, ստացել եմ առաջարկ, տվել եմ իմ համաձայնությունը, նաև ընդգրկվել եմ կուսակցության կազմ, կուսակցության անդամ եղել եմ մի քանի ամիս, որը պայմանավորված է եղել թեկնածու առաջադրվելու հանգամանքով: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը:
«Քաղաքական պաշտոն երբևէ չեմ զբաղեցրել, եղել եմ համայնքային ծառայող, փաստաբանական գործունեության արտոնագիր ունեմ, շատ կարճ ժամանակ փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվել: Ի դեպ, դատախազի թեկնածու եղել եմ 2017 թվականին, կարծում եմ՝ որևէ մեկի աչքից դա վրիպած չի լինի, այսինքն մինչև 2018 թվականի քաղաքական պրոցեսներն է եղել:
2019 թվականի ապրիլին նշանակվել եմ դատախազ, 2024 թվականի հուլիսի մեկին նախագահի հրամանով նշանակվել եմ հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել գեթ մեկ ողջամիտ փաստարկ, որ ես քաղաքականացված անձնավորություն եմ, քաղաքական կերպար եմ»,- ասաց նա:
Դատավորը հավելեց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ է ներկայացրել, բայց չի զբաղվել: Ռոբերտ Քոչարյանն էլ հակադարձեց, թե քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնողը զբաղվում է քաղաքականությամբ:
«Պարոն Քոչարյան, 13 տարի նախագահ եք եղել, հարգե՛ք Սահամանդրությունը, հարգե՛ք դատարանը»,- ի պատասխան ասաց դատավորը:
Ռոբերտ Քոչարյանն էլ հակադարձեց՝ որ հենց դատավորը պետք է առաջին հերթին ՀՀ Սահմանադրությունը հարգի։
«Դուք պետք է ներկայանաք դատարանին ու հարգալից լինեք, ոչ թե հեգնեք, որ հիմն է հնչեցնում: Իմ զարթուցիչն անգամ ՀՀ հիմն է: Ես ավելի հայրենասեր մարդ չեմ պատկերացնում, քան ես եմ: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, եթե Ձեր գնահատմամբ այդ մեկ ամիս քարոզարշավը քաղաքականությամբ զբաղվել է, ապա դա այդպես չէ»,- ասաց դատավորը:
Ի պատասխան Քոչարյանը նշեց, որ ոչ թե դա իր գնահատմամբ է, այլ դա հենց նշանակում է քաղաքականությամբ զբաղվել: