Այսօր այցելել եմ Նոր Հաճնի կամուրջ՝ հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Շինարարը մանրամասն ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են ընթացքի մեջ: Մասնավորապես ջրամեկուսացման և ներքին շերտի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Շուտով կսկսվի ասֆալտբետոնի վերին շերտի տեղադրումը:
Հստակ հանձնարարականներ եմ տվել շինարարներին՝ կազմել աշխատանքների կատարման արագացված գրաֆիկ, շարժվել ըստ գրաֆիկի և աշխատանքային յուրաքանչյուր օրվա ավարտին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին ներկայացնել տվյալ օրվա ընթացքում կատարված աշխատանքը»,-նշել է նա։
Ավելի վաղ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել էին, որ Հրազդան գետի վրայի կամրջի (Նոր Հաճնի կամուրջ) հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող կապալառուի հետ կնքված պայմանագրի համաձայն, կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է 2025 թվականի հուլիսին։
Հիշեցնենք, որ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում Արմավիրի մարզի Այգեվան համայնքի մանկապարտեզի բացման ժամկետների հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը զայրացած հայտարարեց, որ եթե հետ այսու իրեն ժամկետ ասեն և նշված ժամկետները խախտվեն, անձնական պատասխանատվության կենթարկվեն։ Նշենք, որ վարչապետին զեկուցվել էր, որ մանկապարտեզը հոկտեմբերին բացվելու է։ Դավիթ Խուդաթյանը կառավարության նիստում ասաց, որ գազամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել, այդ պատճառով մանկապարտեզը դեռ չի բացվել։
«Ասել եմ՝ ե՞րբ է բացվելու, ասել եք՝ հոկտեմբերին, ես էլ գրել եմ՝ հոկտեմբերին մանկապարտեզը բացվելու է։ Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի»,-ասել էր վարչապետը։