Աշխատանքային այցով Սյունիքի մարզում եմ: Այս մասին հայտարարություն են տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
«Նոր ինձ ուղարկեցին, ես էլ ժպիտով կարդացի իմ կողմից չասված, բայց ինձ վերագրված` «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն եմ» խոսքի առնչությամբ հումորային հրապարակումները:
Իսկ այդ ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում Սյունիքի մարզի մեր երիտասարդների հետ քննարկել ենք այն հարցը, թե ինչքան կարևոր է արժեքներ ստեղծել ու դրանք տարածել, անկախ գտնվելու միջավայրից, պաշտոնից ու այլ հանգամանքներից` առաջին հերթին ազնիվ մարդ լինել, մշտապես աշխատել սեփական պրոֆեսիոնալիզմի ու անձի զարգացման վրա, լինել հոգատար, ապրումակցող ու կարեկցող:
Զրուցել ենք նաև այն մասին, թե ինչքան կարևոր է սեփական նվիրված աշխատանքի միջոցով մեր միջավայրում ու մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելը: Ուրախալի փաստն այն է, որ կան այսպես ապրող մարդիկ, այդ թվում` այսօրվա հանդիպման մասնակիցները: Մեր առաքելությունն այն պետք է լինի, որ այս արժեքները գերակայող դառնան մեր իրականությունում: Հպարտանում եմ մեր երիտասարդներով:
Հանդիպումը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում անմահացած Էդգար Մարգարյանի մայր Արսինե Սահակյանի նախաձեռնությամբ: Մասնակցել է շուրջ 60 երիտասարդ՝ Սիսիանի տարբեր գյուղական բնակավայրերից»,-ասվում է հաղորդագրության մեջ: