2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը

2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել։

Այն նաև անվանում են նաև «Արցախում հրադադարի մասին հայտարարություն»։

2020 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց ընթացքում Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը հայկական կողմից վերահսկվող տարածքների զգալի մասի նկատմամբ՝ Իրանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 8-ին հայտարարվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող ռազմավարական Շուշի քաղաքի անցնելու մասին, ինչը փաստացի նշանակում էր ԼՂՀ-ի և Հայաստանի միջև կապի միակ ճանապարհի փակում։

Ադրբեջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ «այդ հայտարարությունը Հայաստանի կապիտուլյացիա է։ Այս հայտարարությունը վերջ է դրել բազմամյա օկուպացիային»։ Ադրբեջանում հայտարարությունը դիմավորել են ցնծությամբ և ամբողջ գիշեր տոնել են հաղթանակը պատերազմում։ Լայնածավալ տոնակատարությունները տեղի են ունեցել ողջ Ադրբեջանի տարածքում, հատկապես Բաքվում, երբ հայտարարվել էր հայտարարության մասին։

Հայաստան

Երևանում հայտարարության ստորագրումից հետո քաղաքական ճգնաժամ առաջացավ, մայրաքաղաքում բողոքի ակցիաներ սկսվեցին։ Կառավարական առանձնատների հարակից տարածքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իջեցվել է մեքենայից և դաժան ծեծի ենթարկվել ցուցարարների կողմից։ Իր տեսաուղերձի ժամանակ Փաշինյանը հայտնել է, որ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ցուցարարները ներխուժել են նաև խորհրդարան և նիստերի դահլիճում գրավել ամբիոնը, որից սկսել են ելույթ ունենալ և պահանջել շարունակել Ղարաբաղում ռազմական գործողությունները։ Այդ օրերին վարկածներ հնչեցին, ըստ որոնց Փաշինյանը թաքնվել էր ՊՆ ապաստարանում, իսկ մեկ այլ համոզմամբ նա թաքնվել էր ԱՄՆ դեսպանատան շենքում։ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի արձագանքել այս շրջանառվող լուրերին։

Միջազգային հանրությունը, ըստ էության, ողջունեց ստորագրված հայտարարությունը և հաստատված հրադադարը։ Չնայած դրան, կան կետեր, որոնք Ադրբեջանը մինչև այսօր չի կատարել։ Պետք է իրականացվեր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում: Հայտարարության ստորագրումից 4 տարի անց Ադրբեջանում կան գերեվարված հայեր։

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը, հայտարարեցինք հետևյալի մասին (լուսապատճենը կցվում է).

1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

5. Հակամարտության Կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է հրադադարի վերահսկողության խաղաղապահ կենտրոն:

6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:

7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

8. Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:

9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել