Գյումրու ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով: Նիստին մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ ներկայացուցիչներ:
Խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ եթե երկշաբաթյա ժամկետում ավագանին չկարողանա նիստ հրավիրել և քաղաքապետ ընտրել՝ կլուծարվի: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատրաստվում են արդյոք նոր նիստ հրավիրել հարցին Հարությունյանը պատասխանել է, որ դեռ քննարկում են: ՔՊ-ն, ինչպես հայտնի է՝ հակված չէ գործող ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու:
Այսօր տարածած հայտարարությունում նշվում է, որ թեև այս պահին գործող ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն է, բայց գործող ավագանին չի արտացոլում 2021-ին գյումրեցիների կատարած քվեարկության արդյունքները, ուստի՝ քաղաքի կառավարումը բարձիթողի վիճակում չթողնելու, ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ և անցնցում հաղթահարելու նպատակով պատրաստվում են գնալ արտահերթ ընտրությունների:
Կուսակցության վարչության ներկայացուցիչները հայտարարել են, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող պատգամավոր Կարեն Սարուխանյանն է լինելու:
Հիշեցնենք, Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության անդամները հոկտեմբերի 28-ից վայր են դրել մանդատները: Այդ պահից սկսած Գյումրին ոչ քաղաքապետ ունի, ոչ փոխքաղաքապետ:
Աղբյուրը՝ 1lurer.am: