ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց և հավանության արժանացրեց իմ և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է տրանսպորտային միջոցների տեխզննման ժամանակ ներկայացվող պահանջին, որ սեփականատերը պետք է մարի մեքենայի գույքահարկի նախորդ տարիների պարտավորությունը, ինչպես նաև՝ վճարի ընթացիկ տարվա ամբողջ գույքահարկը:
Մենք առաջարկել ենք այս երկրորդ պահանջը հանել և որպես պարտադիր պահանջ թողնել միայն նախորդ տարիների պարտավորության պահանջը:
Սա նշանակում է, որ եթե մեքենան տանեք տեխզննման, ապա ստիպված չեք լինի վճարել տվյալ տարվա գույքահարկը ամբողջությամբ, բավարար կլինի նախորդ տարվա գույքահարկը մարած լինելը:
Նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից»,-նշել է նա: