Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 2024 թվականի համար նախատեսված էր 24,9 տոկոս, սակայն տնտեսական զարգացումների և հարկերի հավաքագրման արդյունքում այդ ցուցանիշը տարվա վերջում կհասնի 25 տոկոսի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարվա վերջում կհասնի 25 տոկոսի։ Հիշեցնեմ, որ 2024 թվականի բյուջեով նախատեսել էինք, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է հասնի 24,9 տոկոսի, սակայն, տնտեսական զարգացումների և հարկերի հավաքման տենդենցները նկատելով, կարծում ենք, որ այս տարվա բարելավումը կլինի 0,1 տոկոսային կետով»,- ասաց Հովհաննիսյանը։
Նախարարը հավելեց, որ 2024 թվականին նախատեսված 2 տրիլիոն 613 միլիարդ դրամ հարկային եկամուտների փոխարեն ակնկալվում է հավաքել 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ։