Բարձրագույն դատական խորհուրդը նոյեմբերի 5-ին որոշում է ընդունել, որով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար հանրապետության նախագահին է առաջարկվել Կարինե Դավթյանի թեկնածությունը։
Որոշման մեջ ասվում է․
«2024 թվականի նոյեմբերի 5-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատարանի ռեզերվային դատավորի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝
1. Հանրապետության նախագահին առաջարկել Կարինե Արմանի Դավթյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Կարինե Արմանի Դավթյանի՝ ռեզերվային դատավորի կարգավիճակը համարել դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: