«Շատ դեպքերում մարդիկ պարզապես չեն վճարել»․ Ավինյանը՝ տրանսպորտում վճարման փոփոխությունների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս այսօրվանից պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է տրանսպորտում վճարման փոփոխություններին ու այսօր արձանագրված ցուցանիշներին․

«Շատ կարևոր էր այս գործընթացը սկսել հենց բուն, ամբողջական միասնական տոմսային համակարգին անցնելուց մի փոքր ավելի շուտ, մենք սկսել ենք այս գործընթացը 2 ամիս շուտ, որպեսզի բացահայտենք բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, և փաստի առաջ չկանգնենք հունվարի 1-ին։ Կարծում եմ՝ այսօրվա արձանագրած խնդիրները, որոնք, վստահաբար, արձանագրվել են, մեզ համար ուղղակի ուղղություններ են աշխատանքի՝ շտկումներ իրականացնելու։ Գրանցել ենք, որ շատ դեպքերում տեղի են ունեցել չվճարումներ, բազմաթիվ նմանատիպ դեպքեր կան, երբ արձանագրում ենք՝ մարդիկ չեն վճարել, և այստեղ որոշակի միջոցներ և մեթոդներ կիրառելու ենք։

Հարցին, թե չվճարելու հանգամանքը միգուցե պայմանավորված է եղել տեխնիկական խնդրի հետ, Ավինյանն ասաց՝ ոչ, պարզապես չեն վճարել, ինչն ունենալու է իր համարժեք հետևանքն ու կանխարգելիչ քայլերը։

«Հուսով եմ՝ հունվարի 1-ին մենք ունենալու ենք արդեն ամբողջական, լիարժեք աշխատող միասնական տոմսային համակարգ։ Ավելանալու են բանկային քարտերով վճարումների տարբերակները, շուտով նաև թողարկվելու են տրանսպորտային քարտերը, որոնք դառնալու են անվանական»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել