Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին հրամանագիր է ստորագրել, որով Վիգեն Քոչարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Հրամանագրում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի «Վիգեն ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-93-Ա որոշումը.
Վիգեն ՔՈՉԱՐՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր»:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում 67 կողմ ձայներով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր ընտրվեց Վիգեն Քոչարյանը։
Ներկայացնում ենք Վիգեն Քոչարյանի կենսագրությունը։
Ծնվել է 1972 թվականին:
Կրթություն
1988-1993 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1996 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային փորձ
1996 – 2006 թթ. հանդիսացել է ԵՊՀ Սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, դոցենտ:
1998-2008 թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության գործադիր տնօրեն:
1999 թվականին ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում մասնակցել է Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրին:
1999 – 2003 թթ. հանդիսացել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ:
2001 թվականին Քեմբրիջի համալսարանում եղել է որպես հրավիրված հետազոտող:
2001 – 2015 թթ. եղել է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (Եվրոպայի խորհուրդ) Հայաստանը ներկայացնող անդամ:
2004-2008 թթ. հանդիսացել է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային եվրոպական կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի հանձնաժողովի (Եվրոպայի խորհուրդ) Հայաստանը ներկայացնող անդամ:
2006-2014 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչը:
2015-2019 թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
2019 թ. հունիսին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: