«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագիծը կուղարկվի ԱԺ՝ երկրորդ ընթերցման

Հոկտեմբերի 10-11-ը Ծաղկաձորում կայացել է «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ վերջնական լրամշակումների քննարկումը։ Արտագնա քննարկումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Ազգային ժողովի գործընկերներին ներկայացնելու առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարված փոփոխությունները։  Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ կատարվել են մի շարք լրամշակումներ, այդ թվում՝ ԱԺ հետ ունեցած տարբեր քննարկումների շրջանակներում առանձնացված խնդիրները հասցեագրող փոփոխություններ։ Ըստ այդմ՝ դրանք գտել են իրենց տրամաբանական լուծումները։

Քննարկմանը մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցել են նաև  Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, Ոստիկանության զորքերի հրամանատարությունը, ԱԺ մշտական հանձնաժողովների անդամներ, փորձագետներ։ 

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ սա բացառիկ օրինակ է, երբ փաթեթի շուրջ ԱԺ հետ քննարկումները անցկացվել են մեկնարկից սկսած՝ հայեցակարգային լուծումներից հասնելով երկրորդ ընթերցմանն ընդառաջ լրամշակումներին։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի և Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ ակտիվ մասնակցության և արդյունավետ համագործակցության համար։

ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն նշել է, որ իրականացված բարեփոխումները աննախադեպ են, և պատրաստակամություն է հայտնել շարունակելու Ոստիկանության գվարդիայի ձևավորման աշխատանքներում աջակցությունը:

Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Ռալֆ Ռոշեն ներկայացրել է Ոստիկանության կողմից ուժի կիրառման Եվրոպայի խորհրդի ստանդարտները։ Ներկայացվել են նաև փաթեթի կարգավորումները և դրանցում կատարված փոփոխությունները։ Ծավալվել է ակտիվ քննարկում՝ նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել լրամշակված տարբերակը ուղարկել Ազգային ժողով՝ երկրորդ ընթերցումն ապահովելու նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել