Աջակցության գործիքակազմերը ՀՀ տեղափոխված ընկերությունների և մասնագետների հնարավոր հեռանալը կանխելու համար բավարար չեն․ նախագիծ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հիմնավորման մեջ նշված է, որ նախագծերի նպա­տակը բարձր տեխ­նոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի և հարկային արտոնությունների շրջանակի վերա­նա­յումն է՝ նպա­տակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զար­գացում ապահովելու համար:

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առաջնայնություններից է: Այն տնտեսության գերակա ճյուղերից մեկն է և միևնույն ժամանակ՝ ամենաարագ զարգացող ոլորտներից մեկը, որը նպաստում է երկրի տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և Հայաստանի Հանրապետության՝ որպես առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի բարձրացմանը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներին ազգային և միջազգային մակարդակում մրցունակ մնալու և զարգանալու հնարավորություն ընձեռելու նպատակով պետական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածների համագործակցության միջոցով գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ իրական հնարավորություններ ստեղծելու հրամայականով»,-ասված է հիմնավորման մեջ։

«Կառավարության առանձին որոշումներով աջակցության ծրագրեր են իրա­կա­նաց­­վում ոլոր­տում գործունեություն իրականացնող առանձին տնտեսավարող սուբյեկտների համար՝ պայմանավորված դեռևս 2022 թվականին ստեղծված իրավիճակով․ ոլորտային մի շարք ընկերությունների տեղափոխումը և մասնագետների ներհոսքը Հայաստան աննախադեպ աճի հնարավորություններ էր ընձեռել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար:

Գրանցվել է նաև ՀՀ-ում ՏՏ ոլորտի վարձու աշխատողների թվի շեշտակի աճ: Այսպես, 2022թ-ի փետրվարից մինչև 2023թ-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՏՏ ոլորտի վարձու աշխատողների թիվը 21.5 հազարից հասել է 34 հազարի, ընդ որում, վարձու աշխատողների թվում օտարերկրացիների մասնաբաժինը 4.1%-ից հասել է 27.3%: Վարձու աշխատողների թվաքանակի հավելաճի առնվազն 44%-ը պայմանավորված է օտարերկրացիների ներհոսքով։ 2022թ-ի տարեվերջին ՏՏ ոլորտում գործել է վարձու աշխատող չունեցող 2,653 անհատ ձեռնարկատեր, որոնց թիվը 2023թ-ի տարեվերջին հասել է 4,834։ Հատկանշական է նաև այն փաստը, որ ՀՀ տեղափոխված ընկերություններից 9-ն ընդգրկված են ՀՀ ՏՏ ոլորտի 20 խոշոր գործատուների թվում․ դրանք են․

  • «ՎԻԷՄ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ
  • «ԴԱՏԱԱՐՏ․ԱՄ» ՍՊԸ
  • «ԷՊԱՄ ՍԻՍԹԵՄԶ» ՍՊԸ
  • «ՔՎԱՆՏՈՐԻ ԱՄ» ՍՊԸ
  • «ՆԵՔՍԹԸՐՍ ՍՏՈՒԴԻՈ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ
  • «ՏԻՆԿՈՖՖ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ
  • «ԲՕՍՏՕՆՋԵՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ
  • «ԸԼԱՅՆ ԹԵՔՆՈԼՈՋԻ» ՍՊԸ
  • «Յ. Ե. ՀԱԲ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍՊԸ

Խնդիրը կայանում է նրանում, որ աջակցության գործող գործիքակազմը ոլորտի առա­ջան­ցիկ զար­գաց­ման և տեղափոխված ընկերությունների ու մասնագետների՝ Հայաստանից հնարավոր հեռանալը կանխելու համար բավարար չէ»։

Նախագիծը մշակող մարմինը փոխանցում է, որ անհրաժեշտություն է առաջացել  որդեգրելու բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման և աջակցության նոր մոտեցումներ, որոնք մի կողմից Հայաստանը գրավիչ կդարձնեն Հայաստան տեղափոխված ՏՏ ընկերությունների և մասնագետների համար, մյուս կողմից տեղական ընկերություններին կդարձնեն ավելի մրցունակ:

Լուսանկարը պատրաստվել է AI-ի միջոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել