Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ որակելով այն իրականության խեղաթյուրում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անընդունելի է համարում որևէ մեկի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միայն մի կետը վերցնելն ու դրա վրա շեշտադրում անելը։

«Որևէ կերպ չի կարելի եռակողմ հայտարարության մի կետը վերցնել ու ծածանել, քանի որ եռակողմ հայտարարությունն ունի 9 կետ: Եկեք անդրադառնանք մնացած կետերին. իսկ որտե՞ղ է հիմա Լաչինի միջանցքը, իսկ որտե՞ղ են հիմա խաղաղապահները, որոնք, եռակողմ հայտարարության համաձայն, պետք է տեղակայված լինեին Լեռնային Ղարաբաղում, իսկ որտե՞ղ է եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որով ասվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Ինչո՞ւ  ներքին տեղահանված անձինք և փախստականները չեն վերադարձել և չեն վերադառնում Լեռնային Ղարաբաղ, ինչո՞ւ այդ ամենը տեղի չի ունենում»։

«Եռակողմ հայտարարության հետ կապված հաղորդակցությունների բացման հարցի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորությունների անտեսումը։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, թե ինչ պարտավորություններ ունի Հայաստանը հաղորդակցությունների բացման հետ կապված, և ինչ ձևով է կազմակերպվելու տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը։

Ընդհանուր առմամբ, եթե խոսենք  եռակողմ հայտարարությունից բխող այլ պարտավորությունների խախտման՝ Հայաստանի գործողությունների մասին, ապա նախ պետք է հիշել, որ Հայաստանն իր անօրինական զինված կազմավորումները դուրս չի բերել Ղարաբաղի շրջանից մինչև 2023թ։ Ոչ ոք չի մոռացել, որ հայկական կողմը, որը բանավոր հայտարարեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, ապօրինի ռեժիմի քարոզչություն է իրականացրել Ադրբեջանի տարածքում, և որ Հայաստանի վարչապետը 2023 թվականի սեպտեմբերի 2-ին շնորհավորանքներ է փոխանցել, այսպես կոչված, «անկախության» վերաբերյալ»։ Հայաստանի վարչապետի հռետորական հարցերը Լաչինի միջանցքի գործունեության, փախստականների վերադարձի մասին միայն զարմանք և հեգնանք են առաջացնում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել