Դադարեցրե՛ք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հասցեն վիրավորանքները, ես դա ընդունում եմ իբրև խոսքեր՝ ուղղված անձամբ ինձ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի նկատմամբ հնչած քննադատությունները։
«Ինձ ավելի մտահոգողն այդ տիրույթն է, քան թե Սրբազանի ասածը, որևէ մեկի հասցեին ասված որեւէ վիրավորանք ընդունում եմ որպես անձնական և դա դատապարտելի է: Մենք կարող ենք ունենալ գաղափարական տարաձայնություններ, սակայն թիրախը մեկն է։ Այս ներկա-նախկին կեղծ ծուղակը ստեղծել են, որ այդ ցանցից դուրս չգանք։ Հիմա Միքայել Սրբազանի նկատմամբ ես ունեմ մեծ հարգանք, նա իմ ուսուցիչն է, մենթորն է։ Իմ մասին էլ է որոշակի բաներ ասել, իհարկե, չեմ ընդունում, բայց չի նշանակում, որ պետք է անցնեմ վիրավորանքների։ Բա ինչո՞վ ենք այս խուժանից, խուլիգանից տարբերվում», – ասաց նա։
Բագրատ Սրբազանը նաեւ նշեց, որ Միքայել Սրբազանի հետ այդ հայտարարություններից հետո խոսակցություն չի ւունեցել, նրան մոտ մեկ ամիս առաջ է հանդիպել:
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Սրբազան շարժման ձախողումներից մեկը «նախկին նախագահների ստվերն էր», որ երևաց այս ընթացքում։