Ֆինթեքը ԴիջիԹեքում․ Ամերիաբանկը ներկայացնում է MyInvest ներդրումային հարթակը

Առանց բանկ այցելելու րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ, գործարքներ կատարել ինչպես հայկական, ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում, այնպես էլ արտաբորսայական շուկաներում և այս ամենը` մեկ հարթակում` MyInvest-ում: Առաջին անգամ Ամերիաբանկը «ԴիջիԹեք Էքսպո 2024»-ին ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով: Բանկն այս տարի էքսպոյի ֆինթեք գործընկեր է:

«Հարթակը գործում է մոտ երկու տարի։ Այդ ընթացքում մեծ քանակի բարելավումներ եւ զարգացումներ են տեղի ունեցել։ Հարթակում տալիս ենք հասանելիություն դեպի 30-ից ավելի շուկաներ եւ 25․000-ից ավելի գործիքներ։ Այստեղ ցանկացած ներդրող իր ցանկացած նպատակների եւ ռիսկի ախորժակի համար կարող է գտնել գործիք՝ ինչպես ցածր ռիսկային գործիքներ, այնպես էլ ավելի բարձր ռիսկային գործիքներ»,- լրագրողների հետ զրույցում նշում է Ամերիաբանկի արտարժույթային ու բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյան։

Բանախոսը հավելում է, որ ԴիջիԹեքի շրջանակում Ամերիաբանկը ոչ միայն ներկայացնում է MyInvest հարթակը, այլև ներդրումներով հետաքրքրվողների համար իր փորձառու մասնագետների օգնությամբ իրականացնում է մասնագիտական բազմաբնույթ խորհրդատվություն և օգնում կողմնորոշվել առաջին պորտֆելը կազմելու հարցում․ «Ներդրում կարող են կատարել բոլորը՝ անկախ մասնագիտությունից եւ ունեցած գումարի չափից։ Հաջողության համար ամենակարեւորն է սովորել կառավարել ռիսկերը։ Մենք ունենք մասնագիտացված բրոքերների թիմ, որոնք սկսնակներին օգնում են իրենց ներդրումային ճանապարհն անցնել ամենասկզբից մինչեւ վերջ»։

Ամերաբանկի բրոքերային ծառայությունների ղեկավար Արտուշ Ենգիբարյանը նշում է` վերջին երկու տարիների ընթքացքում բանկն ունեցել է հաճախորդների բավականին մեծ աճ․ «Անցյալ տարի մեր բրոքերային հաճախորդների քանակը եռապատկվել է, այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով արդեն իսկ կրկնապատկել ենք նախորդ տարվա ցուցանիշը, մինչև տարեվերջ ակնկալում ենք եռապատկել ցուցանիշը»։

MyInvest հարթակի միջոցով տարբեր բիզնեսներ կամ ընկերություններ հնարավորություն ունեն նաև իրականացնելու պարտատոմսերի ու բաժնետոմսերի տեղաբաշխումներ՝ ներգրավելով նոր ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար։ MyInvest հարթակի միջոցով ՀՀ մի քանի խոշոր ընկերություններ արդեն իսկ իրականացրել են Digital IPO-ներ՝ տեղաբաշխելով և բաժնետոմսեր, և պարտատոմսեր։

Հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ. Ամերիաբանկը Digitec-ում բացահայտում է լավ ներդրող դառնալու համար անհրաժեշտ հատկանիշները, և սա անում է տարբեր փորձությունների միջոցով: 6 փորձություն՝ գոլֆից մինչև VR ակնոց։ Դե իսկ բոլոր փորձությունները հաջողությամբ անցնելու պարագայում ԴիջիԹեքի այցելուները հնարավորություն ունեն անվճար բացելու բրոքերային հաշիվ և ստանալու իրենց առաջին բաժնետոմսը նվեր։

Ներդրումների աշխարհն էլ ավելի խորությամբ բացահայտել ցանկացողների համար ԴիջիԹեքի շրջանակում այս տարի առաջին անգամ անցկացվում է նաև Digi/Invest համաժողովը, որի առանցքում թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներն են։ Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը մասնակցեց «Թվային ներդրումների ապագան․ նոր գործիքներ և հնարավորություններ ՀՀ ֆինանսական դաշտում» խորագրով պանելային քննարկմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել