Հոկտեմբերի 4-ին` ժամը 9․20-ի սահմաններում, իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված Նիսան մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը տեսնելով ոստիկաններին գետնին են գցել 3 փաթեթ։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժին, իսկ մեքենան վերցվել է հատուկ հսկողության։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են շուրջ 9 կգ 330 գ․ մարիխուանայի, շուրջ 1 կգ․150 գ. մեթամֆետամինի, շուրջ 510 գրամ ափիոնի և շուրջ 530 գրամ հերոինի նմանվող զանգվածներ։
Ձերբակալվածները ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքերը պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: