Ձմեռային զորակոչ կհայտարարվի 2024 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով ահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

Iravaban.net-ի փոխանցմամբ «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծում նշված է, որ կհայտարարվի 2024 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը:

2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2025 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2025 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման հետ կապված կարգավորումներ, իսկ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով Կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական և, ըստ մարզերի (Երեւան քաղաքի)` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ:

Որոշման նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել