Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները SolidWorks-ի ուսուցմամբ կկարողանան աշխատել միջազգային ինժեներական շուկայում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Էնջինիրիքս» ինժեներական ընկերությունը համագործակցության հուշագիր են կնքել։ Հայ-ամերիկյան ընկերությունը համալսարանին տրամադրել է SolidWorks-ի 30 լիցենզիաների փաթեթ, որը ներառում է ուսուցում և հավաստագրեր, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանում ինժեներական կրթական մասշտաբն ընդլայնելու համար։

Լինելով ճարտարագիտական SolidWorks-ի ներկայացուցիչը Հայաստանում՝ ընկերությունն ինժեներների համար հասանելի է դարձնում աշխարհի լավագույն համակարգչային ավտոմատացված նախագծման ինժեներական գործիքները։ Այս գործակցության շրջանակում համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսում ներդրվել է SolidWorks-ի «Նախագծման ծրագրային միջոցներ» դասընթացը, որը դասավանդելու նպատակով բուհի դասախոսներն ամռան ընթացքում վերապատրաստվել են «Էնջինիրիքս»-ի տրամադրված փաթեթներով, իսկ միջոցառման ընթացքում ստացել են հավաստագրերը։

EngineerX-ի հիմնադիր բոստոնահայ Վահե Նիկողոսյանը հանդիպել է ուսանողներին, ներկայացրել ծրագրաշարի առավելություններն ու կարիերայի ուղիները․ «Այս գործակցությունը հիմքն է այն ամենի, ինչ մենք փորձում ենք կառուցել հայրենիքում․ կրթության և տաղանդի միջազգային մակարդակի ինժեներական կենտրոն, որը կարող է Հայաստանը բերել ինժեներական քարտեզի առաջնագիծ։ Այն սկսվում է կրթությունից, և մենք կենտրոնանում ենք, որ Հայաստանի կրթական հաստատություններն օգտվեն SolidWorks-ի վերջին ծրագրաշարից»։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) մշտապես կարևորել է նոր գործընկերային կապերի ստեղծումը, ինչպես նաև գործընկերների հետ առկա համագործակցության խորացումը՝ ի նպաստ բարձրորակ մասնագետների պատրաստմանը․ «EngineerX-ի հետ ՀԱՊՀ-ի համագործակցությունը կարևոր է մեզ համար պայմանավորված այն հանգամանքով, որ դրա իրագործումը հնարավորություն է տալիս տարբեր մասնագիտություններով սովորող մեծաթիվ ուսանողների խորացնելու համակարգչային նախագծման գործիքակազմի իմացությունը լիցենզավորված SolidWorks ծրագրային փաթեթի կիրառմամբ»:

Համագործակցության արդյունքում ՀԱՊՀ ուսանողների համար ստեղծվելու է ևս մեկ նոր հարթակ և նախագծման միջավայր իրենց ինժեներական գիտելիքների իրացման համար: Ուսանողները հնարավորություն կունենան լիցենզավորված SolidWorks ծրագրային փաթեթի իմացության շնորհիվ նորովի մոտեցումներով իրականացնել իրենց հետազոտական ու ավարտական աշխատանքները, և նախագծային ժամանակակից միջոցների կարողությամբ մտնել աշխատաշուկա: ՀԱՊՀ ակնկալում է նաև հետագայում «EngineerX»-ի հետ համատեղ նոր ուսումնահետազոտական ծրագրերի իրականացում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել