ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար

ԱՄՆ Կոնգրեսի 60 կոնգրեսական Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին կոչ են անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Նշվում է, որ հայտարարությունը նախաձեռնել են դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն և հանրապետական Էդ Մարկին։

«Քանի որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվություն չեն կրել Արցախում ցեղասպան էթնիկ զտումների համար, նրանք պարտավոր են օգտագործել COP29 գագաթնաժողովը որպես հնարավորություն՝ վերլուծելու Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումները և հակազդելու նրանց ցեղասպան վարչակարգի գործողություններին»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Հոկտեմբերի 3-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում ԱՄՆ սենատորներն ու Կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարել են․«COP29-ի մոտենալու կապակցությամբ մենք խնդրում ենք պետքարտուղարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա ՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային օրենքների ու նորմերի պահպանմանն ուղղված շոշափելի միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ընդգծում ենք, որ չնայած անհերքելի ապացույցներին և միջազգային դատապարտմանը, Ադրբեջանը չի բախվել որևէ նշանակալի հետևանքների հետ՝ էթնիկ զտումներ և այլ գործողություններ իրականացնելու համար»։

Այնուհետև օրենսդիրները կոչ են արել Պետքարտուղարությանը հասնել բոլոր քաղբանտարկյալների, պատանդների և ռազմագերիների, այդ թվում ՝ էթնիկ հայերի անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը։

ԱՄՆ սենատորներն ու Կոնգրեսի ներկայացուցիչները հաստատել են, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումը, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի զտումը կոպտորեն խախտել են միջազգային իրավունքը և հանգեցրել զգալի և շարունակվող մարդկային տառապանքների։ Նրանք ընդգծել են, որ տեղահանված քաղաքացիական անձինք պետք է ապահով վերադարձի իրավունք ունենան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել