2024թ. սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչների կողմից Գյումրի քաղաքում տեղադրման միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։
Ստացված տեղեկություններն իրացնելիս վերջիններս նույն օրը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին:
Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝ գումարի դիմաց Վանաձոր քաղաքի մոտակայքից վերցրել և Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև հարակից գյուղական բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհներին տեղադրել են փաթեթավորված մոտ 70 հատ 0,5 գրամից 10 գրամ քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթներ և ապակյա տարաներով «Հաշիշի» յուղ, որոնց տեղադրման վայրերը լուսանկարել են իրենց բջջային հեռախոսներով՝ միաժամանակ նաև տեղեկացնելով, որ նշված տեսակի թմրամիջոցների որոշ խմբաքանակ առկա է նաև իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայում:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 44-396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոհիշյալ անձինք ձերբակալվել են:
Նախաքննության ընթացքում կասկածյալների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրերի 7 զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված 55 փաթեթ, որոնք, ըստ զննության մասնակից-կասկածյալների հայտարարության, իրենց կողմից նշված տեղանքներում տեղադրված թմրամիջոցներն են։ Նրանց կողմից շահագործվող «MERCEDES-BENZ C 180» մակնիշի տրանսպորտային միջոցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են, նախնական տվյալներով, 3 սրվակ «Հաշիշի յուղ», փաթեթավորված թվով 7 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ ատրճանակ։
Հայտնաբերված փաթեթների պարունակությունը, դրանց բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի եզրակացության համաձայն՝ քննվող քրեական վարույթի շրջանակներում փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկում առկա զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Նախաքննության ընթացքում կասկածյալների արտաքին զննությամբ հայտնաբերվել են ներարկման հետքեր։ Վերջիններից վերցվել են արյան նմուշներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: