Պետք է հակվենք այն տարբերակին, որպեսզի ուղևորությունների քանակն անսահմանափակ լինի․ փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ հակված են հանել երթևեկությունների սահմանափակումները միասնական տոմսային համակարգ ներդնելու նախագծից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սուրեն Գրիգորյանն այս մասին ասել է Երևանի ավագանու նիստում՝ հանդես գալով հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգ ներդնելու նախագծի վերաբերյալ զեկույցով։ «Նախագծի քննարկման շրջանակներում, բացի տոմսերի փաթեթների քանակից ու գնից, պետք է անդրադարձ կատարել նաև սահմանափակումների հարցին։ Պետք է հակվենք այն տարբերակին, որպեսզի նախագծով առաջարկվող տոմսային փաթեթներից վերացվի սահմանափակումների հարցը և ուղևորությունների քանակն անսահմանափակ լինի»,- ասել է Գրիգորյանը։

Անդրադառնալով առաջարկված նախագծին՝ քաղաքապետի տեղակալը նշեց, որ շարունակական բարեփոխումների ենթարկվող հասարակական տրանսպորտի համակարգը կատարյալին մոտ չէ, բայց միաժամանակ չկա այն համակարգը, որի ժամանակ ձևավորվել է գործող սակագինը, ուստի պետք է դրանց համահունչ կառուցվի նաև քաղաքականությունը։

Նա հավելել է, որ առկա իրավիճակը գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել, քանի որ գործող շարժակազմը ներդրվել է ոչ միայն համայնքային միջոցներով, և ոլորտը ներկայում էլ էական չափով սուբսիդավորվում է համայնքային բյուջեից։

«Ավտոբուսների, մետրոպոլիտենի և տրոլեյբուսների սուբսիդավորման չափը հասել է 7 միլիարդ դրամի, որը գնալով աճում է, քանի որ քաղաքն անընդհատ համալրվում է նոր շարժակազմերով»,-ասել է քաղաքապետի տեղակալը՝ հավելելով, որ այդ գործընթացը միտված է խոստմանը, որ ոչ արժանապատիվ կերպով երթևեկությունը պետք է վերացվի։

Նրա հավաստմամբ՝ նույնիսկ առաջարկվող նախագծի ընդունման պարագայում սուբսիդավորման տրամաբանությունը կշարունակվի․

«Մենք էլի տեսնում ենք, որ ոլորտը շարունակական սուբսիդավորման կարիք է ունենալու։ Ուղղակի հարցն այն է, որ ամեն ինչ պետք է ունենա իր տրամաբանական սահմանները։ Այսօր մեզ համար շատ լավ է, շատ ուրախալի է, որ ունենք նոր շարժակազմ, շարունակաբար այն համալրում ենք, բայց եթե չենք ուզում 10 տարի հետո կանգնել նույն կոտրված տաշտակի առաջ, որ նորից չհասկանանք, թե որտեղից պետք է գումար հայթայթենք, այլ ոլորտներից անհամաչափ կտրենք և ուղղենք նոր շարժակազմերի ձեռքբերմանը, ապա պետք է ունենանք նոր համակարգ»,-համոզմունք է հայտնել Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ տրանսպորտից մշտապես օգտվողների և խոցելի խմբերի համար սակագինը վերանայելու դեպքում բարձրացումը պետք է նվազագույն չափով լինի։

«Հազվադեպ են օգտվողների դեպքում, ում համար տրանսպորտի թանկացումը դրամատիկ փոփոխության չի բերում, օրինակ՝ զբոսաշրջիկների պարագայում, տրամաբանություն չկա, որ այդ ուղևորափոխադրումները սուբսիդավորվեն։ Այդ ուղևորափոխադրումների հաշվին պետք է հնարավորություն ունենանք գեներացնել բյուջե, որպեսզի կարողանանք մեզ թույլ տալ տրանսպորտից հիմնականում օգտվող երևանցիների համար այն սարքել որակյալ և հասանելի»,-ասել է փոխքաղաքապետը։

Թեև որոշում էր կայացվել տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագիծը հանել ավագանու նիստի օրակարգից, նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ որոշում են կայացրել հարցն այնուամենայնիվ քննարկել, սակայն քվեարկությունից առաջ այն օրակարգից հանել։

Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծ էր ներկայացրել, որը ենթադրում էր տրանսպորտի սակագնի որոշակի բարձրացում։ Քաղաքապետարանն այդ նախագծով առաջարկում էր ամսական (60 ուղևորություն՝ 30 օրվա ընթացքում), եռամսյակային (180 ուղևորություն՝ 90 օրվա ընթացքում, տարեկան (1000 ուղևորություն՝ 365 օրվա ընթացքում) տոմսեր։ Առաջարկվում էին նաև մեկ օրյա, մեկշաբաթյա, տոմսեր, ինչպես նաև տոմսեր, որոնք ուժի մեջ կլինեն 70 րոպե՝ երկու ուղևորության հնարավորությամբ։ Քաղաքապետարանի ներկայացրած նախագիծը լայն հանրային քննարկման թեմա դարձավ։ Հաշվի առնելով հնչող քննադատություններն ու մտահոգությունները՝ Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրեց հարցը հանել Երևանի ավագանու՝ փետրվարի 13-ի նիստի օրակարգից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել