Արցախից բռնի տեղահանված ուսանողների համար մեկնարկելու է կրթաթոշակի ծրագիր: Բարձր առաջադիմություն ունեցողների համար կրթաթոշակի չափը կավելանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մենք ուսանողների համար մեկնարկելու ենք կրթաթոշակային ծրագիր, կրթաթոշակի չափը որոշվելու է տվյալ ուղղությամբ, մասնագիտությամբ ուսման վարձի չափի համեմատ: Այսինքն՝ որպես կրթաթոշակի չափ մենք հիմք ենք վերցրել տվյալ բուհերում տվյալ մասնագիտությունով ուսման միջին վարձի չափը»,- նշեց նախարարը:
Նա տեղեկացրեց՝ երբ ուսանողները առաջին կիսամյակից հետո ցուցաբերեն որոշակի առաջադիմություն, այդ կրթաթոշակի չափը կավելանա:
«Առնձին քննարկում ենք ուսանողների մյուս խմբի հետ կապված խնդիրը: Մենք ունենք ուսանողների երկու խումբ. ուսանողների մի խումբը ուսանող է եղել Արցախի հաստատություններում և այս պահին ունի կրթության ընդահատման խնդիր և ունենք ՀՀ բուհերում սովորող ուսանողներ, որոնց ուսման վճարումներն իրականացվել է Արցախի իշխանությունների կողմից կամ իրենց ծնողների կողմից, որոնք այս պահին դժվարությամբ են վճարումներ կատարում: Այժմ մենք հավաքագրում ենք տվյալները այս խմբի ուսնողների համար: Առաջիկայում այս խմբի ուսանողներին ուղղված աջակցության ծրագիր կլինի»,- եզրափակեց նախարարը: