Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, դրան ներկա էր նաև ռուսական զորքը, որը խաղաղապահ զորք անվան տակ կանգնած էր Արցախում միայն մի նպատակով, որ թույլ չտար այդ լինի, բայց դա եղավ։ Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց «Ազգային կոմիտեի» անդամ Վազգեն Մանուկյանը։
«Արևմուտքը տեսնում էր՝ ինչ է կատարվում, մի քանի նախադասություն ասաց, բայց ոչ մի ձևով չազդեց Ադրբեջանի վրա, որ դա չշարունակվի։ Մենք տեսանք, որ պետությունների համար գեոպոլիտիկ շահերը և տնտեսական շահերը վեր են կանգնած պայմանավորվածություններից և սկզբունքներից։ Մենք միշտ ընկել ենք այդ վիճակի մեջ և միշտ նույն բանն ենք ասել՝ մեզ դավաճանեցին, հենվենք մեր սեփական ուժերի վրա ոև դա միակ բանաձևն է։ Վաղվանից սկսում ենք իրականացնել կոնսոլիդացիայի ծրագիրը, որպեսզի տարբեր քաղաքական հայացքներ ունեցողները գան ու հասկանան, որ այս հարթակը մեր մենաշնորհը չէ, և Կոմիտեն ազգային հարցը որոշելու մենաշնորհ չունի։ Կոմիտեն օգնում է ժողովրդին կազմակերպվելու՝ առանց հավակնություններ ունենալու։
Ավելացնել կոմիտեի անդամների թիվը։ Կոմիտեն 5 հոգով աշխատել չի կարող, Կոմիտեն պետք է ընդլայնվի։
Զուգահեռ պետք է տանել 2 պրոցես։ Մի պրոցեսը կոնսոլիդացիան է, մյուսը՝ տարբեր խմբերի կողմից քաղաքում բողոքի ցույցերն ու երթերը շարունակելը։ Մինչև ամսի 5-ը քաղաքը պետք է եռա, պետք է ցույց տալ, որ ոչ միայն Կոմիտեն է դեմ այդ պայմանագրին, այլ բոլոր հայերն են դեմ։
Հանրահավաքի մասին կհայտնենք, դա կարող է ամփոփիչ հանրահավաք լինել։
Մոտենում են ամենաթույլերն ու ասում՝ վճռական գործողություն։ Վճռական գործողությունը մեր միավորումն է։ Մեր նպատակն է, որպեսզի ճնշման տակ Ազգային ժողովի պատգամավորական իրենց խումբն ընդունի համապատասխան որոշում։ Կընդունի՝ իր գործն է, չի ընդունի՝ պայքարը կշարունակվի, բայց այս խնդիրը պետք է լուծում ունենա, Նիկոլն իրավունք չունի մնալու»,-նշեց նա։։